ՌԴ-Ն ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ ՈՒ ՇՎԵԴԻԱՅԻՆ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ԴԻՏԱՐԿԵԼ
Մոսկվան նախկինում երբեք Ֆինլանդիային և Շվեդիային որպես սպառնալիք չի դիտարկել՝ վստահեցրել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ին միանալու՝ Հելսինկիի հայտից հետո Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկել անդամակցության գործընթացին խանգարելու համար։
Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարել է նաև, որ Կրեմլը լավատես է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքի հետ կապված։
Անդրադառնալով Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի խոսքերին, որ միջուկային զենքի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների վերսկսումը ներկայումս քիչ հավանական է, Պեսկովն ընդգծել է․
«Մոսկվան շահագրգռված է այդ հարցում՝ հաշվի առնելով եվրոպական և համաշխարհային անվտանգության ոլորտում տեկտոնական տեղաշարժերը»,- պարզաբանել է պաշտոնյան, հավելել՝ նման բանակցություններն անհրաժեշտ են ողջ աշխարհին։
Պեսկովը տեղեկացրել է նաև, որ հունիսի 8-ին Թուրքիա այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարող է քննարկել Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողությունը։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է Ուկրաինայում արգելափակված հացահատիկի արտահանման հնարավորությունը, երկրին անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև պաշտպանական ընդլայնված աջակցության նոր փաթեթը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ մտադիր են Ուկրաինային մատակարարել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար 70 կիլոմետր հեռահարությամբ կառավարվող հրթիռներ։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նախազգուշացրել է՝ եթե Կիևին մեծ հեռահարության հրթիռներ տրամադրեն, Ռուսաստանը եզրակացություններ կանի և հարվածներ կհասցնի այն օբյեկտներին, որոնք դեռ չի թիրախավորում։
ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԻՆ
Բրիտանացի խորհրդարանականները հայտարարել են վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության քվե հայտնելու գործընթացի մեկնարկի մասին։ Քվեարկության արդյունքները պարզ կլինեն երեկոյան ժամը 9-ին։
Արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն իր աջակցությունն է հայտնել Բորիս Ջոնսոնին։ «Վարչապետը ներողություն է խնդրել իր սխալների համար»,- պարզաբանել է իր դիրքորոշումը նախարարը։
Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ Ջոնսոնը կորցրել է Պահպանողական կուսակցությունում իր կողմնակիցների մեծ մասի աջակցությունը, իսկ սոցիալական հարցումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի բնակչության շուրջ 70 տոկոսը դժգոհ է վարչապետի պաշտոնում նրա աշխատանքից։ Ջոնսոնի վարկանիշի վրա ազդում են գնաճը, էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև համավարակային սահմանափակումները խախտելու հետ կապված սկանդալը․ նրան մեղադրում են լոքդաունի ընթացքում վարչապետի նստավայրում խնջույքներ կազմակերպելու համար։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԵՆ. ՏՈԿԱԵՎ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համոզմունք է հայտնել, որ հունիսի 5-ին երկրում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում հաստատված սահմանադրական փոփոխությունները շրջադարձային են Ղազախստանի համար, իսկ դրա արդյունքները հնարավորություն կտան կառուցելու նոր պետություն։
Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ուժեղացվում է խորհրդարանի և տեղական ներկայացուցչական մարմինների դերը, վերջնականապես վերացվում է մահապատիժը, հանվում են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի կարգավիճակի մասին դրույթները։
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տվյալով՝ սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել քաղաքացիների 77,18%-ը, մասնակցությունը կազմել է ավելի քան 68 տոկոս։
27 ԵՐԿՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԿԱՊԿԻ ԾԱՂԿՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԴԵՊՔ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ոչ էնդեմիկ 27 երկրում կապկի ծաղկով վարակման 780 դեպքի մասին։ Հիվանդության տարածման ռիսկը գնահատվում է «չափավոր»: Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մեծ Բրիտանիայում՝ 207 դեպք, ինչպես նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
ԱՀԿ-ի տվյալով՝ վարակվածների մեծ մասը չի այցելել Արևմտյան կամ Կենտրոնական Աֆրիկա, ինչը, փորձագետների կարծիքով, վկայում է այն մասին, որ հիվանդությունը որոշ ժամանակ փոխանցվել է առանց վառ արտահայտված ախտանիշների:
Էնդեմիկ երկրներում 2022 թվականի սկզբից գրանցվել է կապկի ծաղկով վարակման ավելի քան 1400 և մահվան 60-ից ավելի դեպք։