ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ուկրաինական ռազմական ուժերի կողմից Զմեյնի (Օձերի) կղզին գրավելու փորձը հանգեցրել է ավելի քան 50 ուկրաինացի զինծառայողի «անիմաստ մահվան» և մի շարք զինտեխնիկայի կորստի՝ դառնալով «աղետ Ուկրաինայի զինված ուժերի համար»։
Զմեյնին գրավելու փորձի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են նաև 14 ինքնաթիռ և ուղղաթիռ ու 30 անօդաչու թռչող սարք։ Ռուսական զինուժը ոչնչացրել է երեք Մի-8 ուղղաթիռ՝ զինվորներով և մեկ աջակցության Մի-24 ուղղաթիռ։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ է հրահանգել մինչև մայիսի 9-ը գրավել Զմեյնի կղզին, չնայած ուկրաինական գլխավոր շտաբի առարկություններին։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը եղել է բրիտանական անվտանգության ուժերի մտահղացումը։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ այդ գործողության ավարտին Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը նախատեսել էին համատեղ հայտարարություն անել «հաղթահարման» մասին։ «Սակայն, ի վերջո, երեկ միայն Ջոնսոնը խոսեց՝ ոչ մի խոսք չասելով Զմեյնիի գրոհի մասին»,- ասել է աղբյուրը։