Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Եվրոպան պետք է մասնակցեն Ուկրաինայի վերականգնման աշխատանքներին. Ռուսաստանը՝ պատճառած ավերածությունների համար, եվրոպական պետությունները՝ քանի որ իր երկիրը «կռվում է ամբողջ Եվրոպայի համար»։
«Ուկրաինային կպահանջվի 600 միլիարդ դոլար՝ տնտեսությունը և ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- մանրամասնել է Զելենսկին և խոստացել, որ երկիրն արագ կվերականգնվի ու գրավիչ պայմաններ կապահովի օտարերկրյա ներդրողների համար։
Նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը, Ղրիմն էլ վերադարձնի Ուկրաինային։
Զելենսկին միաժամանակ չի թաքցրել, որ կասկածում է Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների հաջողությանը։ Նրա համոզմամբ՝ ռուսական կողմի հետ երկխոսությունը պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի նախագահը պաշտոնական հայտարարությամբ հանդես գա։
Նախօրեին Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Կիևի հետ երկխոսությունը՝ չնայած ուկրաինական կողմի ոչ հետևողական գործելաոճին։