Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի վերջին կանգառը Նիժնի Նովգորոդն էր:
Օդանավակայանում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը։
Կառավարության ղեկավարը նախ այցելել է «ԳԱԶ» մեքենաշինական գործարան, ձեռնարկության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ շրջայց կատարել, ծանոթացել արտադրանքին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դպրոցական ավտոբուսներով ևս հետաքրքրված ենք. հիմա մարզերում կրթական բարեփոխումներ ենք սկսել, ըստ որի կենտրոնացնում ենք փոքր գյուղերը, կրթական համակարգեր ստեղծում, և երեխաների տեղափոխության նպատակով մեզ տրանսպորտային միջոցներ են հարկավոր:
Այնուհետև վարչապետը եղել է Նիժեգորոդյան Կրեմլում, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին: Փաշինյանը շրջայց է կատարել Կրեմլի արվեստի պետական թանգարանում, Զանգակատանը, Զինվորական փառքի ծառուղում, եղել է նաև Միքայել Հրեշտակապետի տաճարում:
Վարչապետն առանձնազրույց է ունեցել Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ, քննարկել տարբեր ոլորտներում գործակցության զարգացման հնարավորությունները:
Գործադիրի ղեկավարը եղել է նաև քաղաքի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակ, հայ-ռուսական տնտեսական գործակցություն, Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացում: Այս և այլ թեմաներին է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել Հայաստանի վարչապետը, խոսել Ռուսաստան պաշտոնական այցի արդյունքների մասին, նաև՝ պատասխանել հարցերի:
Վարչապետ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան ավարտվել է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան