ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքի հետ հարցազրույցին, որի ժամանակ նա ասել է, որ Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակը, գրում է Ermenihaber-ը:
Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը, որը ստորագրվել էր 2017-ին, լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ կիրառեց մի շարք պատժամիջոցներ:
Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռք բերելուց:
«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ Ռուսաստանից ցանկացած զինամթերքի ձեռքբերում կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների»,- նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: