Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ձերբակալվել է Իտալիայի Սարդինիա կղզում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն, հղում անելով El Confidencial-ին:
Նշվում է, որ Պուչդեմոնը ձերբակալվել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումով: Ոստիկանությունը նրան բերման է ենթարկել օդանավակայանում ՝ անմիջապես Սարդինիա ժամանելուց հետո: Ուրբաթ Պուչդեմոնը ներկայանալու է Սասսարիի վերաքննիչ դատարան: Իտալական դատական իշխանությունները պետք է որոշեն՝ նրան հանձնել Իսպանիային, թե ազատ արձակել:
Սարդինիայում նա ծրագրել էր մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Կատալոնիայի անկախության կողմնակից իտալացիների հետ, հաղորդում են լրատվամիջոցները:
Պուչդեմոնն Իսպանիայից փախել է 2017 թվականին՝ Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքում, որն Իսպանիայի կառավարությունը համարել էր անօրինական:
Այս տարվա մարտին Եվրախորհրդարանը քվեարկությամբ չեղարկել է երեք կատալոնացի եվրապատգամավորների, այդ թվում ՝ Պուչդեմոնի, անձեռնմխելիությունը: