ԱՄՆ նախագահ Բայդենն ու Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը փորձում են հարթել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռակողմ համաձայնագրից հետո ստեղծված լարվածությունը Ֆրանսիայի հետ՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
ԱՄՆ նախագահը խնդրել է հեռախոսազրույց ունենալ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Երկու երկրի ղեկավարները մտադիր են քննարկել այն խնդիրը, որը ռազմավարական ճգնաժամ է ստեղծել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: Եռակողմ համաձայնագրի հետևանքով Ավստրալիան Ֆրանսիայի հետ խզեց սուզանավերի մատակարարման պայմանագիրը և նմանատիպ պայմանագիր կնքեց Միացյալ Նահանգների հետ:
Այդ քայլի պատճառով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Վաշինգտոնից և Կանբերայից հետ կանչեց Ֆրանսիայի դեսպաններին՝ խորհրդակցություններ անցկացնելու պատճառաբանությամբ:
Լարվել են նաև ֆրանս-բրիտանական հարաբերությունները, չնայած վարչապետ Ջոնսոնը սեր է խոստովանել Փարիզին: Չեղարկվել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Ֆլորենս Պառլիի և Բեն Ուոլեսի հանդիպումը, որը պետք է կայանար այս շաբաթ՝ հաղորդում է The Guardian-ը:
Հրատարակության տվյալներով՝ Ուոլեսը և Փարլին պետք է երկկողմ հանդիպում անցկացնեին Լոնդոնում և ելույթ ունենային ֆրանս-բրիտանական խորհրդի վերլուծական կենտրոնի երկօրյա միջոցառմանը: Այդ անկախ կազմակերպությունը ստեղծվել է 1972 թվականին երկու պետության միջև կապերն ամրապնդելու նպատակով: