Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ թուրք-սիրիական բանակցություններ են ընթանում ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Սիրիայի արտաքին գերատեսչությունը նշել է, որ Դամասկոսն այդ հարցով որևէ բանակցություն չի վարում Թուրքիայի հետ, քանի որ հենց այդ երկիրն է ահաբեկչության հովանավորը տարածաշրջանում: Ընդգծվել է, որ Թուրքիայի աջակցությունն ահաբեկչությանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի համար:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն օրերս թուրքական NTV հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցություններն ընթանում են հատուկ ծառայությունների և հետախուզության մակարդակով: