«Վրացական երազանք» կուսակցության վերադարձը ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնագրին, բացառված է: Այս կերպ է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին արձագանքել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» փաստաթղթի ստորագրությանը, գրում է EaDaily-ն:
«Ազգային շարժման» ստորագրությունը ֆարս է և սուտ: Դա վիրավորանք է մեր գործընկերներին և ամբողջ հասարակությանը: Նրանց ստորագրումը արժեք կունենար, երբ բոլորս միասին, մեր մեծ ընկերների` ԱՄՆ դեսպանի, Շառլ Միշելի անմիջական միջնորդությամբ, ավարտեինք այս փաստաթղթի աշխատանքը: Մենք սպասեցինք 100 օր, բայց նրանք անտեսեցին եվրոպացի և ամերիկացի ընկերների կոչերն ու խնդրանքները և չստորագրեցին փաստաթուղթը: Այնուհետև մե՛նք այն չեղյալ հայտարարեցինք ու դուրս եկանք պայմանագրից, քանի որ այն լեգիտիմ կլիներ երկու կողմերի ստորագրելու դեպքում: Թեման փակված է, և «Վրացական երազանքը» չի վերադառնա այդ համաձայնագրին», եզրափակել է վարչապետը:
Շառլ Միշելի անունը ստացած համաձայնագիրը ձևավորվեց՝ նպատակ ունենալով վերջ դնել 2020 թվականի նոյեմբերից Վրաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամին և դադարեցնել ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը, որոնք իշխանություններին մեղադրում էին խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ: