Խորհրդարանը դռնփակ՝ շուրջ 4 ժամ քննարկեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Փաստերին կարող են ծանոթանալ միայն գաղտնի փաստաթղթերին հասանելիության իրավասություն ունեցողները: Հիմքում փաստերն են, ձայնագրությունները:
Անդրանիկ Քոչարյան (Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ) - Սկսած այն ժամանակվա քաղաքական ղեկավարներից ձայնագրությունները՝ նախագահ, վարչապետ, Արցախի և Հայաստանի պաշտպանության բանակ և այլն:
Հանձնաժողովը շարժվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջով: Ժամանակի ընթացքում զեկույցի շատ դրվագներ, գաղտնիությունից դուրս գալով, հասարակությանը կդառնան հասանելի: Ուսումնասիրված փաստերը ծավալուն են՝ առանձին անդրադարձներ են սպառազինության, հետախուզության, քաղաքական որոշումների վերաբերյալ:
Անդրանիկ Քոչարյան - Զեկույցն արդեն իրականություն է, և զեկույցի դրվագներն արդեն ունենալու են շարունակություն, տարբեր մարմինների կողմից տրվեն քրեաիրավական գնահատական:
Գաղտնի զեկույցի վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը մեկնաբանություններ չի կատարի: Մարուքյանի գնահատմամբ՝ հանձնաժողովը հսկայական աշխատանք է կատարել: Պատերազմի խորքային պատճառները պարզ են միայն գաղտնիքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց: Էդմոն Մարուքյանը, այնուամենայնիվ, կարծում է՝ զեկույցն ունի թերություններ:
Էդմոն Մարուքյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Եթե այսօրվա շտաբի պետը մեղավորներից ա, իսկ նա, ըստ զեկույցի, էդ մեղավորներից ա, նա չպետք է հիմա լիներ գլխավոր շտաբի պետ:
«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը ևս կոռեկտ չի համարում մանրամասներ բացահայտել գաղտնի զեկույցից: Ասում է՝ շատ դրվագների պատասխանները պարզ են, բայց դեռ հարցադրումներ կան:
Միքայել Մելքումյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Բոլորս տվել ենք ստորագրություն պետական գաղտնիքների պահպանության համար, էս պահին կարգավիճակով չեմ մեկնաբանում:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 47 պատգամավորի պահանջով, իրավունքի ուժով: Աշխատանքներին մասնակցել է նաև ընդդիմությունը: Հանձնաժողով հրավիրվածներից միայն Յուրի Խաչատուրովն է հրաժարվել ներկայանալ և պատասխանել հարցերին, որը 2016-ին գլխավոր շտաբի պետն էր: Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Խաչատուրովին պետք է համապատասխան մարմինները հարցաքննեն:
Անդրանիկ Քոչարյան - Խաչատուրովի չգալով ինչ հարցի պատասխան չեք ստացել . ինչ ա խոսել Մոսկվայում, ինչ հարցի պատասխան, բա չգիտեմ, պիտի հարցնեմ, Սերժ Սարգսյանն է եկել, Սարգսյանն ասել է՝ ես տեղեկություն չունեմ:
Կա՞ արդյոք կապ Ապրիլյանի և 44-օրյա պատերազմի միջև: Ապրիլյան պատերազմը ավարտվեց հաղթանակո՞վ, թե՞ պարտությամբ: Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ ես հաղթել եմ Ալիևին, բայց ի՛նչ հաղթանակի մասին է խոսքը, եթե Ադրբեջանը ունի 94-ի զինադադարի պայմանագրի, դեմարկացիոն գծի խախտում՝ հօգուտ իրեն:
Անդրանիկ Քոչարյան - Հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ: էն դիրքերը, որոնց ուղղությամբ իրականացրել է գործողություններ, էդ դիրքերի առավելությունը պահել է:
1994-ի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան զինադադարը խախտվել է: Քոչարյանն ասում է՝ հարց է առաջանում. ինչո՞ւ 2016-ին ստացվեց շուտ դադարեցնել պատերազմը, հիմա՝ ոչ: Հարցի պատասխանը հնարավորության դեպքում քննիչ հանձնաժողովը կգտնի: