Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, որն այժմ գտնվում է Մոսկվայում, լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը ցանկացել է գաղտնի խողովակներով կապ հաստատել իրենց հետ, բայց այդ առաջարկը մերժվել է: Ըստ նույն աղբյուրի՝ Հանիան նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է բացառել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայությունը:
«Այդ նպատակին հասնելու համար ամերիկյան քաղաքականությունից տուժած պետությունները պետք է հանդես գան, որպես միասնական ճակատ»,- ասել է պաղեստինցի գործիչը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, որը լավ հարաբերություններ է պահպանում բոլոր պաղեստինյան խմբակցությունների հետ և պատրաստ է երկխոսության, ի վիճակի է առաջնորդել միջազգային հանրության պայքարը՝ պաղեստինյան ժողովրդի ազգային ձգտումների իրականացման համար:
Հանիան մի անգամ ևս կրկնել է, որ Պաղեստինի ազգային հաշտեցումը ՀԱՄԱՍ-ի համար առաջնային է: Նա մի անգամ ևս կրկնել է, որ իրենք ՖԱԹՀ-ին առաջարկել են չորս ճանապարհ՝ դրան հասնելու համար և կհամաձայնեն ցանկացած ընտրության հետ: Առաջին հնարավորությունը ընդհանուր նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, երկրորդը Պաղեստինի ազգային խորհրդի գումարումն է՝ բոլոր շարժումների մասնակցությամբ, երրորդ տարբերակով առաջարկվել է Կահիրեում պաղեստինյան խմբակցությունների առաջնորդների խորհրդաժողով անցկացնել, իսկ չորրորդը ենթադրում է ազգային միասնության կառավարության ձևավորում, որին առաջնորդություն իրավունք կտրվի Պաղեստինի բոլոր տարածքներում: