Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին:
Փոխվարչապետը կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ Հայաստանի հատկապես մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի Կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև որպես առանձին բարեփոխումների խումբ խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին:
Յան Վան Բիլսենը որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն է ներկայացրել ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը:
Զրուցակիցները խոսել են վերոնշյալ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին: