Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:
Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը:
«Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,- ասել է Հայաստանի նախագահը:
ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: