Աշգաբադում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման, ինչպես նաև կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր:
Ի թիվս այլ հարցերի՝ Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում հանգամանալից ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որում հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի հաջող զարգացման համար անհրաժեշտ է, որ բանակցությունները չդիտարկվեն որպես առավելապաշտական մոտեցումների առաջմղման և պարտադրման միջոց։ Այս համատեքստում Մնացականյանն անդրադարձ է կատարել նաև խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությանը: