Սերժ Սարգսյանը կարեւորել է հատկապես 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցերը Հայաստան:
Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը մարտի 2-ին նախագահական նստավայրում ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին եւ նրան ուղեկցող գրող-հրապարակախոս Զորի Բալայանին: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երեւանում կրկին հանդիպել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին:
Սերժ Սարգսյանը կարեւորել է հատկապես 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցերը Հայաստան, նաեւ մասնակցությունը Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:
Հանրապետության Նախագահը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու եւ օգտակար լինելու պատրաստակամության համար:
Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակում Յաիր Աուրոնի այցելությունը նաեւ Արցախի Հանրապետություն: Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար եւ նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր եւ արժանապատիվ բնակիչներով: