ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի՝ հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Վիկտոր Վասիլևը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է, որ հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ բյուջեին պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում կիրառվում է կառույցի կանոնադրության 25-րդ հոդվածը, որը ենթադրում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցում:
«Դե ֆակտո նման իրավիճակ է արդեն ավելի քան երկու տարի, քանի որ Հայաստանը չի առաջադրում իր քաղաքացիներին քարտուղարությունում քվոտային պաշտոններում, ինչպես նաև հետ է կանչել իր ներկայացուցիչներին ՀԱՊԿ միացյալ շտաբից»,- հավելել է պաշտոնյան։