Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի անգլիական այգում մասնակցել է Մանկական գրքի փառատոնին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. այն իրականացվում է 5-րդ անգամ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Զանգակ» գրատան հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են գրքերի տաղավարներով, ծանոթացել ներկայացված մանկապատանեկան գրկանությանը, հետաքրքությամբ դիտել երեխաների համար նախատեսված զարգացնող խաղերը, զրուցել հրատարակչությունների ներկայացուցիչների, ծնողների, երեխաների հետ:
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է «Փոքրիկ հեքիաթագիրները» մրցույթի սաների հետ, որոնց գրված հեքիաթները և դրանց նկարազարդումները հրատարակվել են մեկ գրքով: Նախարարը երեխաներից հետաքրքրվել է հեքիաթների սյուժեներով, իրենց հեղինակած հեքիաթի հերոսներով և այլն: Նա ընթերցասեր երեխաների և պատանիների հետ զրուցել է նաև գրքի և ընթերցանության կարևորության մասին, հետաքրքրվել նախասիրած գրական ժանրերի, տարվա ընթացքում կարդացած գրքերի մասին և հարցրել, թե ինչ կառաջարկեն իրենց ընկերներին ընթերցել: Նախարարը փառատոնի կազմակերպիչներին առաջարկել է նաև համագործակցել թատերական կառույցների հետ՝ բեմականացնելու երեխաների հեքիաթները:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին նախարարությունը ընթերցանության խրախուսմանը միտված առանձին ծրագրեր է ներդրել դպրոցներում՝ ընթերցանության օլիմպիադա, մանկապատանեկան գրականության փառատոն և այլն։
«Մանկական գրքի փառատոնը նախարարության աջակցությամբ իրականացվող կարևոր միջոցառումներից է: Շատ ուրախ եմ, որ այն դարձել է մեր հանրության սիրելի հարթակներից մեկը: Շրջելով տաղավարներով ու զրուցելով այցելուների, հրատարակչության ներկայացուցիչների հետ՝ ինձ մեծապես հետաքրքրում էին ընթերցանության զարգացմանն ուղղված նրանց կարծիքները: Ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրության աճի և ընթերցանության զարգացման մասին մասնագետների, ծնողների դիտարկումները ուրախացնող են: Այս դրական դինամիկային նպաստում է նաև գրքի շուկայի զարգացում, գրական արտադրանքի գրավչությունը, հետաքրքիր, բազմազան թեմաները՝ ուղղված բոլոր տարիքային խմբերին և մարդուն հուզող խնդիրներին։
«Պետության աջակցությունը և գրահրատարակչության շուկայի զարգացումը նպաստել են, որ ունենանք ընթերցանության լավ ու որակյալ առաջարկ: Կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաների հետ ակտիվ մասնակցում են նմանօրինակ միջոցառումներին: Մանկական գրքի փառատոնը նախատեսված է ոչ միայն փոքրիկների, այլև դեռահասների համար․ այստեղ յուրաքանչյուրը հետաքրքիր մի բան կգտնի իր համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ մանկական գրքի փառատոն կանցկացվի նաև մարզերում։
Մանկական գրքի փառատոնի շրջանակում իրականացվում են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրեր, մանկական և մանկապատանեկան գրքերի շնորհանդեսներ, երեխաների զարգացմանը նպաստող դասախոսություններ ու զրույցներ, խաղեր և ֆիլմերի ցուցադրություններ, հեքիաթի ժամեր, վարպետության դասեր, աշխատարաններ, ինտերակտիվ ներկայացումներ:
Փառատոնը հարթակ է, որն իր շուրջն է համախմբել ոլորտի առաջատար հրատարակչություններին, կրթամշակութային կազմակերպություններին, մանկագիրներին, մանկապատանեկան գրականությամբ զբաղվող մասնագետներին, նկարազարդողներին, մանուկներին, պատանիներին, ծնողներին, ընթերցասեր և արվեստասեր հանրությանը: