Մայիսի 22-ին` Կենսաբազմազանության միջազգային օրվա շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության, պետական կառավարման համակարգի և մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ, հայտնում են էկոպարեկային ծառայությունից։
«Միջոցառումը հյուրընկալվել էր «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան գործարանում, որտեղ մասնակիցները ծանոթացել են ձկան վերարտադրության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև իրականացրել են տասնյակ հազարավոր գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկների բացթողում Սևանա լիճ։
Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես է եկել Էկոպարեկային ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, ով հանգամանալից ներկայացրել է Սևանա լճի կենսառեսուրսների պահպանությանն ուղղված թվային և տեխնիկական հսկողության նոր մոդելը, որի ներդրումը հնարավորություն կտա ապահովել ձկնատեսակների, մասնավորապես՝ Սևանի իշխանի բնականոն վերարտադրությունը:
Անդրադառնալով Ծառայության ինստիտուցիոնալ հզորացմանը՝ Նուրիջանյանն ընդգծել է, որ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության լիարժեք գործարկումը դառնալու է այն հիմնական հենասյունը, որն անմիջականորեն կապահովի Սևանա լճի և հարակից տարածքների էկոհամակարգերի պահպանությունը:
Մայիսի 22-ը՝ որպես Կենսաբազմազանության միջազգային օր, առանցքային նշանակություն ունի հասարակության էկոլոգիական գիտակցության բարձրացման և բնական արժեքների արդյունավետ պահպանության գործում։
Մեր Ծառայության համար այս օրը խորհրդանշում է անցում տոնից դեպի գործնական պատասխանատվություն. այն մարմնավորում է Ծառայության մշտական հանձնառությունը՝ պահպանելու Հայաստանի էկոլոգիական կայունությունը և բնական ռեսուրսների հարստությունը սերունդների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: