Նոր տիպի կենսաչափական անձնագրերի տպագրությունն արդեն սկսվել է Նիդերլանդներում, և դրանք Հայաստանի քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից, հայտնում են ՆԳՆ-ից։
ՆԳ նախարարը հայտնել է, որ Հայաստանի համար մշակվել է հատուկ անվտանգային լուծում՝ անձնագրի թղթի բաղադրության մեջ ներառվել են ՀՀ եռագույնով մանրաթելեր։
Բացի այդ, կենսաչափական տվյալները պահպանվելու են բացառապես Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։
Տվյալների կառավարումն իրականացվելու է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից։ Մասնավոր գործընկերը տվյալներից օգտվելու է միայն ծառայության մատուցման շրջանակում և պետության վերահսկողությամբ։
Հայաստանը տվյալների պաշտպանության ոլորտում առաջնորդվելու է եվրոպական բարձր չափանիշներով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի 108+ կոնվենցիայի պահանջներով։
Գործող «կապույտ» անձնագրերը կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Նոր կենսաչափական անձնագրերը զգալիորեն բարձրացնելու են անձի ինքնության պաշտպանության մակարդակը և նվազեցնելու են կեղծման ռիսկերը։
Նոր համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն կտա օգտվել ինքնաշխատ սահմանային անցման (e-gates) համակարգերից՝ առանց սահմանապահի միջամտության, քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան։
Կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
Եվրոպացի գործընկերները արձանագրել են, որ Հայաստանը կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ առաջանցիկ տեմպերով է շարժվում։