Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի: Իրանական աղբյուրները հայտնում են, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խոսքով՝ Թեհրանը կամրապնդի վերահսկողությունը նեղուցի նկատմամբ, որպեսզի կանխի այդ ճանապարհով «թշնամական չարաշահումները»:
Խամենեին նշել է, որ ջրային զարկերակի կառավարման նոր իրավական շրջանակը տնտեսական օգուտ կբերի տարածաշրջանին, «նույնիսկ եթե դա դուր չի գալիս անհավատ մարդկանց»:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակումը դատապարտված է ձախողման: Նրա խոսքով՝ այս ռազմավարությունը և ծովային առևտրի սահմանափակումներն Իրանի կառավարության և ժողովրդի վրա ճնշում գործադրելու նոր գործիք են, սակայն Պարսից ծոցն այլ միջազգային փոխգործակցության համակարգի մաս է, և դրա շրջափակման կամ սահմանափակումների ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին: