ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ինտենսիվ կերպով աշխատում է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ՝ մշտապես հետևելով իրավիճակին և պահպանելով կապը տեղական կառույցների ու դեսպանությունների միջոցով։ Վերջին տվյալներով՝ հայերի շրջանում տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություն չկա, իսկ թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ զանգ՝ հիմնականում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներից ավիաչվերթերի վերաբերյալ։ Այս մասին «Լուրերին» տեղեկացրել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ինտենսիվ աշխատում է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ։
Թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ հեռախոսազանգ՝ հիմնականում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներից՝ ավիաչվերթերի վերաբերյալ։
Իրանի հայ համայնքի հետ կապը դժվար է հաստատել՝ ինտերնետի և հեռախոսակապի խափանումների պատճառով, սակայն կարող եմ ասել, որ ստացված վերջին տեղեկություններով՝ հայերի շրջանում տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություն չկա։ Կապը հնարավորինս պահում ենք նաև դեսպանության միջոցով։ Իսրայելում հայերը հիմնականում տներում կամ ապաստարաններում են։ Քուվեյթում դպրոցները փակ են, և մարդիկ կրկին հիմնականում տներում են։ Բեյրութում, իհարկե, հայերն անհանգիստ են, սակայն կապ կա։ Այս պահի դրությամբ շարունակաբար հետևում ենք զարգացումներին։ Կապը պահում ենք նաև սահմանային մեր գործընկերների հետ․ կուտակումների վերաբերյալ ևս տեղեկատվություն չկա։ Այսօր նաև տեղեկություն ենք ստացել մեկ իրանահայի մասին, որը ՀՀ է վերադարձել ցամաքային սահմանով»,- հայտնեցին գրասենյակից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանից, ԱՄԷ-ից և Իսրայելից դեպի Երևան 6 չվերթ է չեղարկվել:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: