Աջափնյակում կրակցների քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ձերբակալման որոշում է կայացվել: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 7 դրվագ 44-155-րդ հոդվածի (սպանությանն օժանդակելը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»,- հայտնեցին Դատախազությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
Իրավապահների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնել էին, որ միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել է, 3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: