Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին։
«Դավոսից անմիջապես հետո կմեկնեմ Հնդկաստան: Մոտ ենք առևտրային պատմական համաձայնագրի, ոմանք այն անվանում են բոլոր գործարքների գործարքը»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավելել՝ այն կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը։
«Եվրոպան ցանկանում է գործարքներ կնքել ներկայիս տնտեսական աճի կենտրոնների հետ՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և դրանից անդին: Եվրոպան միշտ կընտրի խաղաղությունը»,- շարունակել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կարող են նոր հնարավորությունների սկիզբ դառնալ և նպաստել Եվրոպայի անկախությանը: Լայենը հավելել է, որ աշխատում են նաև Արկտիկայի անվտանգության ամրապնդման փաթեթի ուղղությամբ:
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր կսահմանիայն երկրների նկատմամբ, որոնք կխանգարեն Միացյալ Նահանգներին վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ Լայենը շեշտել է՝ մաքսատուրքերը սխալ կլինեն, հատկապես՝ վաղեմի դաշնակիցների միջև:
«Արկտիկայի անվտանգությունը կարող է ապահովվել միայն համատեղ ջանքերով»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, աջակցություն հայտնել Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Աշխատում ենք նաև Գրենլանդիայում եվրոպական ներդրումներն ավելացնելու ուղղությամբ», - եզրափակել է ֆոն դեր Լայենը: