Մեծ հաշվով դա բանակցությունների արդյունք է և արտացոլում է երկրների ներդրումները: Այդ մասին ԱՄՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է TRIPP-ի բաժնեմասերի միայն 26 տոկոսը պատկանելու ՀՀ-ին, իսկ ամենամեծ մասը՝ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին:
«Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու: Ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, աջակցության, ներդրումների մասին, այլ՝ ֆինանսական ներդրումների մասին: ՀՀ-ն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով, կառուցապատման իրավունքն է:
Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում՝ խոսքը միայն առաջիկա 49 տարվա մասին է»,- ասաց նա:
Նախարարը նաև նկատեց՝ դա բիզնես մոդելի հարց է, ապա հիշեցրեց, որ երբ տարիների ընթացքում ներդրումների վերադարձն ապահովված կլինի, և պայմանագիրը կերկարաձգվի ևս 50 տարով, այդ ժամանակ բաժնեմասերի համամասնությունը կփոխվի կամ գրեթե կհավասարվի:
Հիշեցնենք, որ ամերիկյան ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար 49 տարի նախնական ժամկետով: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկելու է TRIPP զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմասը՝ իրեն պահելով 26 տոկոս բաժնեմասը: