Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին է ներակայացրել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է Գազայի համար ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծել։
Reuters գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով լրամշակում են տեքստը:
Հրապարակված մանրամասներից դատելով՝ առաջարկվող բանաձևը չի ենթադրում ՄԱԿ-ի դասական խաղաղապահ առաքելություն, այլ Անվտանգության խորհրդի մանդատ՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները» (այսինքն՝ ուժի կիրառման թույլտվություն) ձևակերպմամբ, որը նման է Հայիթիի բանաձևին՝ հայտնում է լրատվականը։
Առաքելության քննարկվող մասնակիցների թվում են Ինդոնեզիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Կատարը, Ադրբեջանը: Եգիպտոսը դիտարկվում է որպես երկիր, որը պետք է հիմնական զորախումբ տրամադրի այդ առաքելության համար:
Ինչպես նշում են The Guardian-ը և մյուս լրատվամիջոցները, նախագիծը սահմանում է «լայն, հզոր լիազորություններ»՝ Գազայի հատվածում անվտանգության վերահսկողություն, զինված գործողությունների վերսկսման կանխարգելում, ապառազմականացման տարրեր (ներառյալ ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը և վերակառուցման կանխարգելումը), քաղաքացիական բնակչության պաշտպանություն, մարդասիրական միջանցքների ապահովում, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանության ուսուցում և աջակցություն։
Եթե որոշումը կյանքի կոչվի, ապա ISF-ի զորակազմը պարտավոր կլինի սերտորեն համագործակցել Իսրայելի և Եգիպտոսի հետ։