Սերբ ուսանողները դադարեցրել են իրենց հակակառավարական ցույցերը, որոնք տևել են գրեթե մեկ տարի։ Պետական Tanjug լրատվական գործակալությունը, հղում անելով Սերբիայի կրթության նախարարությանը, հայտնել է, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, դասերը վերսկսվել են Բելգրադի, Նովի Սադի, Նիշի և Նովի Պազարի համալսարաններում: Մյուս համալսարանների շրջափակումները դադարեցվել էին ավելի վաղ։
Համալսարանների շրջափակումը սկսվել էր 2024 թվականի նոյեմբերի կեսերին, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում հանկարծակի փլուզվել էր բետոնե ծածկը։ Տասնվեց մարդ զոհվել էր, տասնյակները՝ վիրավորվել։ Այդ ողբերգությունը հանգեցրել էր երկրում 1996 թվականից ի վեր ամենամեծ և ամենաերկարատև բողոքի շարժման։
Նոյեմբերի 2-ին Սերբիայի նախագահը խոստացել է անցկացնել խորհրդարանի արտահերթ ընտրություն՝ հաղորդում են սերբական լրատվամիջոցները։ Նրա խոսքով՝ ընտրությունը կկայանա մինչև լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերը, իսկ ստույգ ամսաթիվը կորոշեն «համապատասխան ինստիտուտները»,- հաղորդում է N1 հեռուստաալիքը: