Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի խոսքը Ռուսաստանի գրաված՝ Ուկրաինայի հինգ տարածքի մասին, որոնք, ըստ դեսպանորդի, դարձել են Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների հիմնական գործոնը։
«Բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի միասնական պետությանը։ Հետևաբար մեր պետության տարածքի մասին կարող է խոսել միայն Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է Զելենսկին՝ Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուկրաինայի ղեկավարը նաև ընդգծել է, որ Կիևի համար կարմիր գիծ է «ժամանակավորապես օկուպացված ցանկացած տարածք ոչ թե որպես ուկրաինական, այլ՝ ռուսական ճանաչելը»։ Նա նաև հավելել է, որ «համապատասխան ներկայացուցիչներն» այդ հարցը քննարկում են «իրենց իրավասություններից դուրս»։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության է ձգտում Ուկրաինայում, սակայն «այս հակամարտության ամենամեծ խնդիրը» ուկրաինական հինգ տարածքներն են, որոնք Կրեմլը պահանջում է ճանաչել որպես ռուսական։ Խոսքը Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մասին է։
Ապրիլի 11-ին Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Կիևը երբեք չի համաձայնի Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերը միակողմանիորեն զիջել Ռուսաստանին։