Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:
Պատվաստումները կատարվում են՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Ռիսկի խմբերն են՝
հղիները.
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները.
65 տարեկանից բարձր անձինք.
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք.
բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապօգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք.
փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: