ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առանձին-առանձին հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա հակառակորդ՝ «Քահոլ Լավան» կուսակցության ղեկավար Բենի Գանցի հետ:
Նեթանյահուի հետ հանդիպումն, իսրայելական մամուլի փոխանցմամբ, տևել է մոտ մեկուկես ժամ:
«Տարիներ ի վեր՝ շատերն են փորձել խաղաղության հասնել Մերձավոր Արևելքում: Համոզված եմ, որ դա հնարավոր է»,- Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ ինքն այն կարծիքին չէ, թե «Դարի գործարքը» միջամտություն է Իսրայելի ներքաղաքական գործընթացին:
«Չեմ կարծում, որ կարելի է խոսել միջամտության մասին, քանի որ Գանցը նույնպես ԱՄՆ-ում է», - ասել է Թրամփը:
Իր հերթին վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Իսրայելին սատարելու համար:
«Ես եկել էի խոսելու խաղաղության մասին և իսկապես անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ նախագահի հետ արդյունավետ բանակցություններին Նախագահ Թրամփը ճանաչեց մեր իրավունքները Հրեաստանում և Սամարիայում, ինչը դեռ ոչ ոք չէր արել նրա առաջ, և մենք մեծապես գնահատում ենք այդ», - հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Ավելի ուշ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահը հանդիպել է ընդդիմադիր Բենի Գանցի հետ: Հանդիպումը չի լուսաբանվել ԶԼՄ-ների կողմից և նախքան այդ՝ մամուլի համար հայտարարություններ չեն հնչել: Զրույցը տևել է մոտ 50 րոպե, ինչից հետո Գանցը կարճ հայտարարություն է արել լրատվամիջոցների համար՝ գովաբանելով Սպիտակ տան խաղաղության ծրագիրը: Նա խոստացել է, որ ընտրություններից անմիջապես հետո, երբ կազմավորվի կառավարությունը, կարելի է անդրադառնալ «Դարի գործարքի իրականացմանը»: Միաժամանակ ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ պլանը կարող է իրականացվել միայն պաղեստինյան գործընկերների հետ համատեղ:
Հունվարի 28-ի լույս գիշերը Գանցը մեկնել է Իսրայել՝ նույն օրը մասնակցելու Խորհրդարանի արտահերթ լիագումար նիստին: Դրա ընթացքում հաստատվելու է կազմկոմիտեի կազմը, որը կքննարկի վարչապետ Բենիամին Նեթանյահուի անձեռնմխելիության հարցը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, աջակողմյան կրոնական դաշինքի կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպմանը չեն մասնակցի: Նույն որոշումն է կայացրել Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը:
Սպիտակ տան աղբյուրները իսրայելական Maariv-ին հայտնել են, որ «Դարի գործարքի», այսպես կոչված, ներկայացումը լայն հանրությանը տեղի կունենա հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին: