Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու ոստիկանությանը հանձնարարվե է, որպեսզի վերջիններս համատեղ քննարկեն և լուծում տան խցանումների խնդրին: Այս մասին կառավարության նիստում տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաճախ պատահարի դեպքում մեքենաները կանգնում են, և երկար խցանում է առաջանում, ասենք, 50-60 հազար դրամ վնասի պատճառով: Երկու ամսվա ընթացքում արդեն կունենանք նախագիծ, որը լուծումներ կտա այս հարցերին»,- ասել է Ավինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հավելել է, որ «շատ զարգացած երկրներում վթարի մասնակից վարորդները պարտավոր են նկարել վթարը, համաձայնության գալ և հանել մեքենաները, այլապես տուգանվում են, իսկ Հայաստանում դա կամավորության սկզբունքով է արվում, եթե վարորդները համաձայնության են գալիս»:
Նախարարն ընդգծեց, որ քննարկումների արդյունքում անպայման կգտնվեն օպտիմալ լուծումներ: