Կայացավ «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան: Միկան (Միքայել Վարոսյան) ներկայանում է մերօրյա կուպիդոնի կերպարով, ով նոյեմբերի 21-ին եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա ռոքնռոլ ժանրի երգով:
Մրցութային «LOVE» երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո եւ երջանկության մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, եւ իր աշխատակիցները մշակում եւ կառավարում են աշխարհի սիրային բոլոր հարցերը: Կուպիդոնի գերժամանակակից գրասենյակից, որը տեղակայված է ստեղծագործ երեխաների մոլորակում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Միկան եւ իր օգնականները փորձում են կազմակերպել եւ կարգավորել սիրուն առնչվող բոլոր հարցերը, ինչպես նաեւ համերաշխություն եւ բարություն տարածել ողջ աշխարհում: Կուպիդոնի աշխատանքը մեծ պատասխանատվություն եւ ուշադրություն է պահանջում, իսկ կարեւորագույն այդ առաքելությունն իրականացնելիս Միկային կօգնի իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:
«LOVE» երգն առանձնանում է իր դրական լիցքերով, որտեղ շատ սեր կա ու կյանք, ինչպես նաեւ հիշեցում ժպիտի աներեւակայելի ուժի եւ կարեւորության մասին: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն:
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, օպերատորն է Կարեն Ստեփանյանը, իսկ ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: