Հակառակորդն սկսել է ավելի ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը արցախա-ադրբեջանական շփման գծում:
Հակառակորդն սկսել է ավելի ինտենսիվ խախտել հրադադարի ռեժիմը արցախա-ադրբեջանական շփման գծում: Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական առաջապահ զորամասերը պատասխանել են միայն խիստ անհրաշետության դեպքում: Այս նոր լարման պատճառը ադրբեջանական կառավարման համակարգում տիրող ամենաթողությունն է:
Երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները միմյանց հղում անելով կեղծ լուր էին տարածել, թե Տավուշին սահմանակից Ալիբեյլի գյուղում հայկական կողմի գնդակոծության հետեւանքով 3 բնակիչ է վիրավորվել, երկուսը՝ երեխա:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ առնչությամբ հրաման էր արձակել խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ:
Եղելությունը պարզվել է Ներքին գործերի նախարարության ամփոփագրից: Համաձայն դրա` հուլիսի 13-ին Ալիբեյլի գյուղ հյուր եկած բաքվեցու ձեռքում պայթել է խոշոր տրամաչափի փամփուշտ, 3 մարդ հոսպիտալացվել է:
Ուժային գերատեսչության ղեկավարը մամուլի չճշտված տեղեկությունից ոգեւորված ագրեսիվ հրաման է արձակել, որին ի դեպ, բավական կոշտ է արձագանքել Արցախի պաշտպանության բանակը: Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացման դեպքում պատասխանը լինելու է անդառնալի կորուստներով լի: