ԻՐԱՎԻՃԱԿԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՊՈՒՏԻՆ
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի եռակողմ հանդիպումը, այն տևել է 20 րոպե: Երկրների ղեկավարները քննարկել են եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ընդհանուր առմամբ, իմ դիտարկմամբ, չնայած բավական դժվարություններին և խնդիրներին, ամեն դեպքում իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ աշխատանքն է: Քիչ առաջ մենք դեմ առ դեմ, երեքով այդ մասին բավական մանրամասն խոսեցինք, և կան մինչև այժմ չկարգավորված հարցեր, բայց, իմ դիտարկմամբ, դրանք զուտ տեխնիկական բնույթի են: Հարցը տերմինաբանությունն է, իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի իրողությունների և իրադարձությունների ճշգրիտ ըմբռնումը, որոնք կհաջորդեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է՝ երեք կողմերի համար էլ այդ խոչընդոտները հաղթահարելի են, հույս հայտնել, որ չլուծված հարցերը որոշակիություն կստանան առաջիկայում կայանալիք երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում: Եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարություններ չեն արել:
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Կրեմլում կայացած եռակողմ ձևաչափից առաջ կայացել են ՌԴ նախագահի երկկողմ հանդիպումները Փաշինյանի ու Ալիևի հետ: Հայաստանի վարչապետը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում իրավիճակը բավական լարված է, եռակողմ հայտարարությունը խախտելով և միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում առաջացրել է հումանիտար ճգնաժամ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ:
Վլադիմիր Պուտինը նշել է՝ եռակողմ հայտարարության և Լաչինի միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և չի փոխվել:
Վլադիմիր Պուտին - Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։
Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ իր ինքնիշխանության և իրավազորության հիման վրա՝ վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք. և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։ Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև Հայաստանի Հանրապետության բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությամբ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ երկաթուղիների և ավտոճանապարհների հնարավոր կառուցման, ապաշրջափակման վերաբերյալ իր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է, և այդ մասին հայտնել է նաև ադրբեջանական պատվիրակությանը:
Վլադիմիր Պուտին - Պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառության ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն:
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահի ներկայությանը համաձայնություն տալու համար, նշել՝ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից այն օգտակար և լրացուցիչ հարթակ է երկխոսության համար: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան