ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նյու Ջերսիում նա այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնակայան և հանդիպում ունեցել ղեկավարության, վարչության անդամների և անձնակազմի հետ։
Քննարկվել են ԱՀԱԸ-ի կողմից Հայաստանում և սփյուռքում իրականացվող աշխատանքները: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ընկերակցությանը սփյուռքի համայնքներին ու հայրենադարձներին աջակցելու շարունակական ծրագրերի և պատրաստակամության համար:
Նյու Ջերսիում գլխավոր հանձնակատարն այցելել է նաև Սուրբ Լևոն հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի հետ և ներկայացրել գրասենյակի ծրագրերը, նախաձեռնությունները և Հայաստան-սփյուռք հարաբերությունների ուղղությունները:
