Հայաստանի միջազգային պահուստները 2022-ի տարեվերջում հատել են 4 մլրդ դոլարի շեմը: Խոսքը հիմնականում արտարժույթով պահուստների մասին է:
Եթե 2021-ի դեկտեմբերին այդ թիվը մոտ 3 մլրդ 230 մլն դոլար էր, ապա 2022-ի նույն ամսին այն արդեն մոտ 4 մլրդ 110 մլնի է հասել: Աճը կազմել է ավելի քան 27 (27.2), իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 57 (57.1) տոկոս:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Պահուստները իրականում նախատեսված են որոշակի իրավիճակներում ԿԲ-ի կողմից շուկայում եղած իրավիճակները համահարթեցնելու, անհավասարակշռվածությունները վերացնելու համար հիմնականում և էս առումով դա հետագայում ավելի լայն հնարավորություններ են ընձեռնում, որովհետև գիտենք փոխարժեքը բավականին ցածր մակարդակում է գտնվում՝ պայմանավորված արտարժույթի հոսքերով և հետագա աճերի, ռիսկի պարագայում ԿԲ-ի կողմից ավելի լայն հնարավորություններ կարող են լինել աճի ցնցումներ թույլ չտալու համար:
Մասնագետները դրական են գնահատում պահուստների նման բարձր տեմպով աճը:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Սրանք պահուստային միջոցներ են, որոնք կոչված են ապահովելու ՀՀ ոչ միայն պետության, ամբողջ ՀՀ-ի արտաքին պարտավորությունների պատշաճ ժամկետում կատարում: Էս տեսանկյունից մենք պետք է նայենք համամասնություններին: Այո, պահուստային միջոցների աճա եղել մոտավորապես 27 տոկոս նախորդ տարվա համեմատ, որը լավ բան է:
Բագրատ Ասատրյանը հիշեցնում է՝ պահուստների աճին նպաստած հիմնական գործոնը նախորդ տարի մեր երկիր եկած մեծ թվով օտարերկրացիներն են և իրենց բերած ֆինանսական միջոցները:
Բագրատ Ասատրյան - Սովորաբար պահուստների ցուցանիշը գնահատում են ըստ այլ ցուցանիշների, մասնավորապես՝ արտաքին պարտավորությունների՝ երկրի և մասնավոր հատվածի և պետական հատվածի: Էս իմաստով դեռ նախնական ցուցանիշներ կան, բայց տեսանելի է, որ արտաքին պարտավորությունների, պետական պարտավորությունների աճը 10-15 տոկոս ոչ ավել է լինելու, այսինքն պահուստների աճի տեմպը ավելի բարձր է:
Փորձագետների խոսքով՝ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների համար պահուստներին ծավալի աճը խոսում է երկրի վճարունակության մասին:
Էդգար Աղաբեկյան - Միջազգային վերլուծաբանների տեսանկյունից էլ պահուստների մեծ մակարդակը պիտի խոսի մեր ներքին շուկայում նաև փոխարժեքի կայունության մեծ պոտենցիալի մասին և որոշակի վստահություն, որ մենք որոշակիորեն կայուն փոխարժեքի ժամանակաշրջանի մեջ ենք դեռևս:
Մինչև այժմ միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել էր 2022-ի սեպտեմբերին՝ 3 մլրդ 739 մլն դոլար, տարեվերջին դա գերազանցվել է մոտ 10 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան