Հայաստանի քաղաքացի դառնալ ցանկացողների թիվը զգալիորեն աճել է: Այս տարվա միայն առաջին եռամսյակում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 3206 դիմում է ստացել: Համեմատության համար. նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկրի քաղաքացի դառնալու ցանկություն էր հայտնել 1611 մարդ:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Հինգ ամիսների ընթացքում ունենք դիմումների գրեթե նույն քանակը, ինչ ամբողջ 2021 թվականի ընթացքում:
2022 թ. հունվարի 1-ից ապրիլի 20-ը 4696 մարդ է ցանկացել ՀՀ քաղաքացիություն ստանալ, 2021-ի նույն ժամանակահատվածում ստացվել է 1898 դիմում:
Մեր երկրի քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը սկսել է աճել այս տարվա մարտից: Անձնագրային և վիզաների վարչության պետն այս պատկերը պամանավորում է Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններով. դիմումների գերակշիռ մասը Ռուսաստանի մեր հայրենակիցներից են:
Հայաստանի քաղաքացի դառնալու պայմանները պարզ են՝ սահմանված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով: Մեր երկրի քաղաքացի կարող են դառնալ ազգությամբ հայերը, օտարերկրացիները, որոնք վերջին 3 տարին օրինական ապրել են Հայաստանում կամ առնվազն երկու տարի ամուսնացած են Հայաստանի քաղաքացու հետ և առնվազն մեկ տարի բնակվել են Հայաստանում: Օրենքի վերջին փոփոխություններով, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 25-ին, Հայաստանի քաղաքացի դառնալու հետ կապված մի շարք հարցեր դյուրացվել են:
Արա Մկրտչյան - Դիմումն ու հարցաթերթիկը միավորվել են, ու մեկ միավոր փաստաթուղթ է ստեղծվել: Շատ ավելի պարզեցվել է հարցաթերթիկը, յուրաքանչյուրը կարող է ինքը ներկայացնել՝ առանց որևէ մեկի օգնության:
Քաղաքացիություն ստանալու ժամկետն էլ է կրճատվել՝ 6 ամսից դառնալով 90 աշխատանքային օր, իսկ անձնագրավորման գործընթացի համար այլևս պարտադիր չի լինի Հայաստանում գտնվել, կարելի է դիմել բնակության երկրում Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսարան:
Հուլիսի 27-ից կգործարկվի նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության առանձին կայքը՝ avv. police.am, որտեղ կլինի դիմումների ու նամակների առանձին բաժին:
Արա Մկրտչյան - Կարող եմ հավաստիացնել, որ դրանք օնլայն ռեժիմով ու անընդհատ ուսումնասիրվելու են ու պատասխան են ստանալու հնարավորին արագ ու կարճ ժամկետներում:
Կա նաև հակառակ գործընթացը: Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը, սակայն, միշտ ավելի քիչ է, քան քաղաքացիության համար դիմողներինը՝ ասում է Ոստիկանության ներկայացուցիչը:
Անձնագրային բաժնում հերթերի մասին
Անձնագրային և վիզաների վարչության պետը որպես պատճառ նշում է այն, որ Հայաստանի ու Հայաստանից դուրս մեր քաղաքացիների հիմնական մասն ամռան ամիսներին է անձնագրերի հետ կապված գործողություններ կատարում: Մկրտչյանը վստահեցնում է՝ քաղաքացիների դժգոհությունների մասին տեղյակ են, անում են հնարավորը սպասարկումն ավելի արագ կազմակերպելու համար:
Հեղինակ` Անի Օհանյան