Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանում գործում է մի համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջնային շուկայում, այսինքն՝ անմիջապես կառուցապատողից, բնակարան ձեռք բերելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսները հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին:
Ըստ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի, մի կողմից քաղաքացիներին, մյուս կողմից՝ կառուցապատողներին է լավ հնարավորություն տալիս:
Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնողներին՝ մինչև ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել և հիփոթեքային վարկ ստանալով՝ դիմել նաև եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:
Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող բազմաբնակարան շենքից» ձևակերպումը այս մեխանիզմից ինքնաբերաբար դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելի տուն գնելու գործարքները:
«Մեզ այս խնդրի մասին մի շարք կառուցապատողներ տեղեկացրել էին, հատկապես այն փոփոխությունից հետո, երբ մենք Երևանում սահմանափակեցինք եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը ու շեշտը դրեցինք մարզերի վրա:
Իսկ մարզերում հիմնականում կառուցվում են բնակելի տներ, այս գնման իրավունքի ինստիտուտի ներդրումը շատ կարևոր է մարզային համաչափ զարգացման տեսանկյունից: «Բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու» ձևակերպմանն ավելացրել ենք նաև «Բնակելի տուն» հասկացությունը:
Օրենքի ընդունումը թույլ կտա բնակելի տուն կառուցելու դեպքում կամ կառուցապատողներից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կնքել գնման իրավունքի պայմանագիր ու սկսել այս ամբողջ գործընթացը»,- ասաց Թունյանը:
Թունյանը նաև մանրամասնեց՝ եկամտային հարկի վերադարձը հիմա էլ է աշխատում բազմաբնակարան շենքերի ու բնակելի տների դեպքում: «Բայց տարբերությունը հետևյալն է. բազմաբնակարան շենքերի դեպքում կարող էր ամբողջ պրոցեսն սկսվել մինչև տունն ավարտին հասցնելը, իսկ բնակելի տների դեպքում կառուցապատողները կամ ձեռք բերողը պետք է սպասեր, մինչև շինարարությունը հասներ ավարտին, կլիներ ավարտական ակտ, նոր միայն կսկսվեր պրոցեսը: Մենք ժամանակային խնդիր ենք լուծում կառուցապատողների համար»,- ասաց Թունյանը: