Ոչ թե գնալ, լինել դիտորդ, այլ խոշոր գիտական ծրագրերը բերել Հայաստան: Համար մեկ լաբորատորիան հենց այս նպատակի համար է:
Միջազգային տարբեր կենտրոնների համար գիտական խումբն իրականացրել է փորձարարական նախագծեր: Նոր լաբորատորիան փոխում է աշխատանքի տրամաբանությունը. ոչ թե ներգրավվել որպես աշխատույժ, այլ գաղափարը մշակել, իրագործել հենց Հայաստանում:
Կիրառական հետազոտությունների լաբորատորիան ստեղծվել է հիմնադրամի ֆինանսավորմամբ: Գիտական խմբերի գաղափարները կյանքի կոչելու համար Ռուբեն Լուսինյանցը պատերազմից հետո ստեղծել է հիմնադրամ՝ ֆինանսավորելու գիտության և կրթության ոլորտը: Հիմնադրամն ուսումնասիրում, գտնում է գիտնականներին և առաջարկում իր աջակցությունը:
Համար մեկն ստեղծվել է Ջեֆերսոնի լաբորատորիայի օրինակով: Առաջին մեծ համագործակցությունն արդեն իրականություն է: Նյու Յորքի էլեկտրոն իոն կոլայդերի համար պետք է ստեղծվի բյուրեղային հաշվիչի նախատիպը: Փորձարկումներից հետո թիմը կմեկնի արևմտյան կիսագունդ՝ տեղում իրենց նախագիծն իրականացնելու համար: Հաշվիչներն օգտագործում են միջուկային ֆիզիկայի փորձարարական ճյուղում միջուկային երևույթներից հետո՝ մասնիկների գրանցման համար:
Լույսը գրանցում են ֆոտոբազմապատկիչի միջոցով: Դա թույլ է տալիս հասկանալ՝ ինչ մասնիկներ են անցնում, հետո՝ ուսումնասիրում փոխազդեցությունները: Վերջում արդեն սկսվում է հաշվիչների նախատիպի նախագծումը: Այսինքն՝ այստեղ զրոյից ուսումնասիրելու, նախագծելու և արդեն Միացյալ Նահանգներում այստեղի նախագծածով կառուցվելու են բյուրեղային հաշվիչները: Հաշվիչի ստեղծման գլխավոր նպատակն է միջուկային երևույթներից գրանցել մասնիկներ:
Հենց այս սեղանին գիտական խումբը հազարավոր բյուրեղներից կստեղծի հաշվիչի նախատիպը: Դա կճառագայթեն բարձր ռադիացիայով, արդյունավետությունը կստուգեն կոսմիկ ճառագայթներով: Միացյալ Նահանգներից լաբորատորիա կբերվի բյուրեղները, կուսումնասիրվի օպտիկական հատկությունները:
Լաբորատորիան նաև հնարավորություն է ուսանողների համար հենց Հայաստանում մասնակիցը դառնալ միջազգային խոշոր նախագծերի: Փակագծեր բացելով՝ ղեկավար Արթուր Մկրտչյանն ասում է՝ առաջիկայում նախատեսվում է նմանատիպ ևս 5 լաբորատորիա ստեղծել: