Լրացավ 28-օրյա ժամկետը, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տրամադրվել էր իշխող կոալիցիա ձևավորելու համար: Նեթանյահուն չկարողացավ խորհրդարանում ստանալ կառավարության ձևավորման համար անհրաժեշտ 61 պատգամավորի աջակցությունը, գրում է BBC-ն:
Չորեքշաբթի նախագահ Ռիվլինը խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների հետ քննարկելու է հաջորդ քայլերը: Նա ունի մի քանի տարբերակ. նախագահը կարող է Նեթանյահուին ևս 14 օր տալ կամ կարող է 28 օր տալ մեկ այլ քաղաքական գործչի՝ կոալիցիա կազմելու համար: Այդ դեպքում ամենահավանական թեկնածուն համարվում է «Յեշ Ատիդ» («Կա ապագա») կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Յաոիր Լափիդը: Բայց հավանականությունը, որ ինչ-որ մեկը հաջողության կհասնի, չափազանց փոքր է:
Նեթանյահուն ամենաշատ շանսերն ուներ, նրա «Լիկուդ» կուսակցությունը մարտի 23-ին կայացած ընտրություններից հետո առավելագույն տեղեր էր ստացել Կնեսետում` 120-ից 30-ը: Կրոնական կուսակցությունների դաշնակիցների հետ Նեթանյահուն կարող էր հույս դնել 52 պատգամավորների ձայների վրա:
Եթե բոլոր բանակցություններն ապարդյուն անցնեն, Իսրայելին սպասում է երկու տարվա ընթացքում հինգերորդ ընտրությունը: