Արդիական է, ճշգրիտ, հեռահար, արդյունավետ, բայց որ ամենակարևորն է՝ տեղական արտադրության: Զրոյից Հայաստանում պատրաստված զինատեսակներից մի քանիսը դեռ պետական փորձարկումների, իսկ որոշներն արդեն սերիական արտադրության փուլում են: Հայկական ռազմարդյունաբերության կարևոր ձեռքբերումներից է «X-100» ռադիոէլեկտրոնային պաշտպանության կայանը: Նախատեսված է մինչև 100 կմ հեռավորությամբ արբանյակային տեղորոշման համակարգերը ճնշելու համար:
Արթուր Հայրապետյան (ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման փորձագետ) - Անօդաչու թռչող սարքերը թռիչքների ընթացքում օգտագործում են GPS, GLONASS, GALILEO, BIDO համակարգերը, այդ համակարգերը ճնշելով «X-100» կայանի օգնությամբ մենք դժվարեցնում ենք նրանց աշխատանքը:
Համակարգի վրա ճնշումն էլ ստիպում է, որ ԱԹՍ-ն շեղվի ի սկզբանե տրված ուղղությունից և տապալի իրեն առաջադրված խնդիրը: Հայկական ՌԵՊ-ի փորձարկումներն բարդ կետից են սկսվել՝ փորձադաշտը Արցախյան վերջին պատերազմն էր, առաջադրանքը՝ թշնամու ԱԹՍ-ների աշխատանքը խաթարելն էր: Արդյունավետ էր կիրառությունը, թե ոչ՝ ամփոփում է փորձագետը:
Արթուր Հայրապետյան - Նշել, որ չկարողացանք խաթարել, ես համաձայն չեմ ձեզ հետ: Ես նշեցի, որ փորձանմուշները կիրառվել են և բավականին արդյունավետ:
Չնայած գրանցած արդյունքին, պետական փորձարկումների փուլը դեռ չի ավարտել: Չի բացառվում, որ մի քանի ամսից, արտասահմանյան նմանատիպ կայանների բնութագրերին ոչնչով չզիջող հայկական ՌԵՊ կայանը կմտնի սերիական արտադրության փուլ: Իսկ թերագնահատել ՌԷՊ-ի դերը ժամանակակից պատերազմներում՝ Հայրաօետյանը խորհուրդ չի տալիս:
Արթուր Հայրապետյան - Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները նախատեսված են ոչ միայն ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար, այլ նաև կարող են բավականին արդյունավետ լինել կապի համակարգերի, կառավարման համակարգերի, հեռակառավարման համակարգերի ճնշման համար: Ժամանակակից պատերազմներում կարևորագույն բաղադրիչներից է գերճշգրիտ և հեռահար զենքը, որին հակազդել առանց ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, կարելի է ասել, անհնար է:
Նոր սերնդի պատերազմներն առանց ԱԹՍ-ների, արդեն դժվար է պատկերացնել: Նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ էր հրապարակել, որում փորձարկում էր անցնում հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքը՝ նախատեսված մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար։ Արթուր Հայրապետյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի փորձն արդեն ուսումնադիրել են, հետևություններն արել են:
Արթուր Հայրապետյան - Փորձարկումները կատարվում են, արդյունքները բավականին հուսադրող են և որոշակի խմբաքանակ արդեն արտադրության փուլում է:
Նորարարականի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև պահանջարկ ունեցող զինատեսակների արտադրությունը: Պատրաստված է Հայաստանում դաջվածքով 82 մմ-անոց ականանետներն ու ականները կոչնչացնեն լեռնահովիտներում տեղակայված հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները: Կրակի առավելագույն հեռավորությունը՝ 3040 մ։ Սերիական արտադրության փուլում է նաև հայրենական ձեռքի նռնականետը: Նպատակը հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցումն է: Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման փորձագետ Արթուր Հայրապետյանը զորավարներից մեկի խոսքն է մեջբերում՝ չի կարելի պատրաստվել անցած պատերազմին: