Արցախյան պատերազմը և դրա արդյունքում ստեղծված խնդիրների հաղթահարումը սփյուռքի գլխավոր հանձնակատարի և ռուսաստանաբնակ մեծ հայ համայնքի տարբեր շրջանակների հետ հանդիպումների առանցքում է եղել: Դաշնության հայերը մի մարդու պես կամավոր ինքնակազմակերպվել ու յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով լծվել են պատերազմող հայրենիքին օգնություն հասցնելուն: Հագուստից ու դրամական օգնությունից մինչև բժշկական սարքավորումներ ու բանակին անհրաժեշտ տեխնիկա՝ այդ ամենը դժվարությամբ, բայց տեղ են հասցրել: Հիմա էլ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում պատրաստ են ներդնել բոլոր ուժերը:
Զարեհ Սինանյան - ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Արցախյան պատերազմի ժամանակ հսկայական մարդասիրական և այլ օգնություն է եկել Ռուսաստանի հայ համայնքից, խոսքը հազարավոր տոննաների մասին է, եկել են մեծ թվով կամավորներ, ինչպես նաև փոխանցվել են ֆինանսական ռեսուրսներ: Այժմ էլ, շատ բնական է, մտահոգ են արդյունքներից և Հայաստանում անկայունության հետ կապված:
Սինանյանն այս անգամ հանդիպել է Մոսկվայի, Սարատովի և Ուրալի համայնքերի հետ: Բիզնես շրջանակներից մինչև առողջապահություն ու մշակութային գործիչներ, մասնագիտական տարբեր խմբերի հետ գլխավոր հանձնակատարը քննարկել է ռուսահայ մեծ ֆինանսական ու մասնագիտական ներուժը՝ ի նպաստ Հայաստանի:
Զարեհ Սինանյան - Ռուսաստանի համայնքը ունի հսկայական ներուժ, և ես չեմ խոսում միայն ֆինանսական հնարավորությունների մասին, նրանցից շատերը ցանկություն են հայտնում Հայաստանին օգնելու մասնագիտական ձևով, այս թեման միշտ քննարկվում է, թե իչպես կարող ենք ներգրավել ռուսաստանյան մեր հայրենակիցներին:
Քննարկել են ներդրումների հետ կապված խնդիրներն ու բացերը:
Զարեհ Սինանյան - Խնդիրները հիմնականում ադմինիստրատիվ են: Փորձում ենք կենտրոնանալ դրա վրա, քանի որ միայն խնդիրները վեր հանելով կարող ենք լուծել և առողջ ներդրումային մթնոլորտ ստեղծել՝ հստակ գիտակցելով, որ պատերազմից հետո Հայաստանում ամենահավանական ներդրողը սփյուռքն է լինելու»:
Աշխատանքային այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Քննարկել են հայ գերիների, պատանդների և Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Անդրադարձել են նաև հայերենի դասավանդմանը: Փոխարտգործնախարարը ներկայացրել է ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:
Զարեհ Սինանյան - Քննարկել ենք նաև խաղաղապահների հետ կապված հարցեր: Նոր գործընթացները մեծ դժվարություններ են առաջացնելու հայկական ու ռուսական անձնագիր չունեցող մեր հայրենակիցների համար, որոնք ամռանը պատրաստվում են այցելել Արցախ:
Մոսկվայի հայ երիտասարդները հետաքրքրվել են Հայաստանի քաղաքական իրադրությամբ, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններով, նաև ներկայացրել ծրագրեր, որոնք կարող են օգնել Արցախին: Բարեգործական հիմնադրամները ցանկություն են հայտնել շարունակել պատերազմի ընթացքում ցուցաբերած օժանդակությունը, բժիշկների մի խումբ էլ պատրաստ է հայրենիք մշտական վերադարձի: