Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հետաձգել է նոյեմբերի 23-ին և 24-ին նախատեսված աշխատանքային այցերը Ադրբեջան և Ռուսաստան։ Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Դա կապված է Իրանի կառավարության՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու մտադրության հետ։ Այդ քննարկումներին բոլոր նախարարների մասնակցությունը պարտադիր է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Աշխատանքային այցերի ընթացքում Զարիֆը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ պատրաստվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի վիճակը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 59 միլիոնի: Ամենաշատ վարակվածներն ԱՄՆ-ում են: Հնդկաստանում վարակակիրների թիվը մոտենում է տասը միլիոնի: Վրաստանում նոր ռեկորդ է գրանցվել. մեկ օրում՝ 4048 նոր դեպք, 49 մահ:
Վրաստանում ավարտվեց 2020 թվականի խորհրդարանի ընտրությունը: Հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Երկրորդ փուլին բոյկոտ էին հայտարարել Վրաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, ինչի արդյունքում իշխող կուսակցության թեկնածուները մնացել էին առանց մրցակիցների: Հաշվի առնելով ընդդիմության բոյկոտը՝ «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների քանակին այսօր կավելանա ևս 17 մեծամասնական պատգամավոր, և ընդհանուր իշխող թիմը 10-րդ գումարման խորհրդարանում կունենա 90 պատգամավոր: Ընդդիմության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նաև, որ հրաժարվում են մանդատներից և խորհրդարան չեն մտնելու: Ընդդիմության հիմնական պահանջը խորհրդարանի նոր ընտրության անցկացումն է:
Բուլղարիայի մայրաքաղաքում՝ նախկին խորհրդարանի շենքի դիմաց, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Մենք միասին կհաղթենք» կարգախոսով: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը՝ վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ: Նախկին խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները ծաղկեպսակ են դրել՝ բացատրելով, որ «երկրի կառավարությունը մահացել է» և ի վիճակի չէ կառավարելու պետությունը:
Ֆրանսիական մի քանի քաղաքում ոչ մարդաշատ ցույցեր են: Փարիզում կա մոտ 20 ձերբակալված: Ցուցարարները բողոքում են խորհրդարանում քննարկվող «Գլոբալ անվտանգության մասին» օրինագծի դեմ: Այն նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք, եթե ժանդարմի կամ քաղաքային ոստիկանության ներկայացուցչի դեմքը կամ անձը նույնականացնող ցանկացած այլ պատկեր տարածվի, որը նրան ֆիզիկական կամ հոգեկան վնաս կհասցնի: Ոստիկանության աշխատակիցների լուսա- և տեսանկարահանման մասին օրինագծի ընդունմամբ լրագրողները մտավախություն ունեն, թե հոդվածը կարող է սահմանափակել ցույցերը և նման իրավիճակներում լուսաբանելու լրագրողների հնարավորությունը: