Ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը կժամանի Երևան և Բաքու: Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործողություններին նվիրված նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինին զարմացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե փորձեր են կատարվում խոչընդոտելու Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ինձ համար անսպասելի էր այն, ինչ ասացիք, որ միտում է նկատվում խափանել եռակողմ հայտարարությունը: Մարդիկ, որոնք փորձում են դա անել, պետք է հասկանան, որ դա մի այլընտրանք ունի՝ պատերազմ, և եթե Աստված չտա, դա տեղի ունենա, արյունը կլինի նրանց ձեռքերին, ովքեր փորձում են խափանել այդ համաձայնագիրը:
Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ շարունակելու են ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերների հետ գործակցությունը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ տեղեկացրել է.
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Այս օրերին ՝ նոյեմբերի 13-ից հետո, մենք սերտ կապի մեջ ենք Մոսկվա այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրանց տրամադրվեց ամբողջական տեղեկություն, ինչը ևս մեկ անգամ հաստատեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը լիովին համահունչ է այն սկզբունքներին, որոնք համաձայնեցվել են վերջին տարիներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև: Այս պահին մենք կենտրոնանում ենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում կարևոր է համարել ռուս խաղաղապահների առաքելությունը:
Վլադիմիր Պուտին - Օպերատիվ իրականացված ականազերծումը հնարավորություն տվեց տարածաշրջանում հաստատել հուսալի հաղորդակցություն, և մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը օգնեց կասեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից: Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են հստակ և համակարգված:
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի զինված ուժերը արդյունավետ են վերահսկում բոլոր կողմերի հրադադարի ռեժիմի պահպանումը, «իրավիճակն էլ ընդհանուր առմամբ կայունացել է»:
Վլադիմիր Պուտին - Բացի այդ, խաղաղապահներն ուղեկցում են փախստականներին, անվտանգ վիճակի բերում բնակելի շենքերը, ճանապարհներն ու սոցիալական օբյեկտները, ապահովում հումանիտար բեռներով ավտոշարասյունների անվտանգությունը:
Ռուսաստանի նախագահը կոչ է արել խաղաղապահներին նորմալ հարաբերություններ հաստատել հայերի և ադրբեջանցիների հետ, որպեսզի կանխվի կենցաղային հողի վրա հնարավոր հակամարտությունները:
Եվգենի Զինիչև (ՌԴ ԱԻ նախարար) - ԱԻՆ օպերատիվ կենտրոնն աշխատանքը համակարգում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ: Օպերատիվ խմբի աշխատակիցներն իրականացնում են վնասների գնահատում: Նախնական տվյալով՝ Լեռնային Ղարաբաղի 4 շրջանի 40 բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 284 շինություն, դրանց տեսակն ու բնույթն այժմ ճշտվում են: Շինանյութի առաջին շարասյունն այսօր արդեն ուղևորվել է:
Պուտինը հույս է հայտնել, որ Ղարաբաղի հարցով առաջիկա խորհրդակցությունները կօգնեն հետագա առաջընթացի կարգավորման հարցում: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ պայմանավորվել է առաջիկայում երկու երկիր ուղարկել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակություն, որի խնդիրն է քննարկել նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման արդիական, ամենահրատապ խնդիրները: