Թիկունքից՝ ճակատ: Ռազմաճակատի տղաներին օգնելու գործին է լծվել ամբողջ հայությունը՝ ով ինչով կարող է: Մեր հաջորդ ռեպորտաժի հերոսը նկարչուհի է՝ Սիսիանից: Այս օրերին արվեստանոցը դարձրել է կարի արտադրամաս: Հայաստանի հարավից արցախա-ադրբեջանական սահման է ուղարկում անձրևանոցներ, քնապարկեր ու ցանցեր:
Հայ կնոջ ամրությունն ու հայ ազգի հարատևությունը խորհրդանշող այս նկարը Արմինե Խաչատրյանը Ապրիլյան պատերազմի օրերին է նկարել: Արմինեն հիշում է՝ պատերազմական թեմաներով ստեղծագործում էր նաև 90-ականներին, երբ դեռ երեխա էր: Հիմա առավել գործնական է: Իր բիզնես-տարածքը, որտեղ ժամանակին հայկական հուշանվերների արտադրությամբ և վաճառքով էր զբաղվում, այժմ ծառայում է բանակին:
Արմինե Խաչատրյան (Սիսիանի բնակչուհի) - Հասկացա, որ պետք է շատ արագ գործել ու ստացվեց… Սկսեցինք կարել անձրևանոցներ, քնապարկեր և հիմա թափոններից պատրաստում ենք ցանցեր, որ մեքենաները պաշտպանվեն թշնամու գնդակից:
Գաղափարը ծնվեց անձրևոտ օրերին, և ընկերուհիներով գործի անցան՝ մոր ու կնոջ հոգատարությամբ: Հումքի ձեռքբերման հարցում աջակիցներ էլ գտնվեցին: Իրենց մնում է միայն աշխատել.
Արմինե Խաչատրյան - Օր ու գիշեր այնքան կաշխատենք, մինչև հաղթանակը միասին տոնենք: Մեծ եռանդով ենք աշխատում, մարտական ոգով, որովհետև բոլորս կատարում ենք հայրենասիրական գործ՝ մի փոքր աջակցելով մեր զինվորին: Աստված է մեզ օգնական, պետք է հաղթահարենք ամենամեծ դժվարությունները: Չենք հոգնի, մինչև չհաղթենք, չզգանք, որ հայ զինվորը հանգիստ քնում է: Եթե մենք թուլանանք, զինվորը դիրքում կթուլանա:
Ու որպեսզի զինվորը դիրքում չթուլանա, Արմինեն հասցնում է կամավորական այլ աշխատանքներ էլ կատարել: Իր վերանորոգված, բայց դեռ չգործած հյուրատունն էլ տրամադրել է 3 արցախցի ընտանիքի: Միասնականությամբ պիտի հաղթենք՝ ասում է: Արդեն 20 քնապարկ, մոտ 200 անձրևանոց են կարել ու կկարեն՝ ինչքան պահանջվի: