Ոչ թե խոսքով, այլ` գործով. խորհրդարանի բարձր ամբիոնից Սահմանադրական Դատարանի նորընտիր դատավորը հավաստիացնում է՝ ամեն ինչ կանի ՍԴ գործընկերների հետ միասին ամրապնդելու սահմանադրական արժեքները:
Երվանդ Խունդկարյան, ՀՀ ՍԴ դատավոր - Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը:
Սահմանադրական դատարանի համալրումից` սահմանային անցակետի ընդլայնում: Հյուսիսային դարպասներից բացի Հայաստանը ձեռնարկում է արդիականացնել նաև հարավայինը: Մեղրու սահմանային անցակետը նոր տեսք, հնարավորություններ ու ժամանակակից սարքավորումներ կունենա: Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Էդվարդ Հովհաննիսյան, ՊԵԿ նախագահ - Ստորագրված համաձայնագրով` ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 10 մլն 626 հազար 263 եվրո վարկային միջոցներ:
Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ վերջին տարիներին ավելացել են բեռնա և ուղևորափոխադրումների քանակը, տուրիստական հոսքերը: Հարավային մաքսակետի արդիականացումը կնպաստի հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը, կխթանի տարանցիկ փոխանցումների աճին:
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ժամկետը:
Սիսակ Գաբրիելյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - 2015 թվականից գործում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքը և, փաստացի, այդ օրենքի գործողության ժամկետն ավարտվում է մի քանի ամսից: Այսինքն, եթե փոփոխություններ չկատարվեն, ապա 2021 թվականի հունվարի 1-ից օրենքի գործողության ժամկետը կավարտվի:
Օրենքի փոփոխությամբ սահմանամերձ գյուղերի բնակիչները հնարավորություն կունենան ևս 3 տարի սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ոռոգման ջրի ծախսի դիմաց վճարել 50 տոկոսի չափով:
Սիսակ Գաբրիելյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Նոր փոփոխություններ էլ կան, եթե անասունը սատկում է, տունը վնասվում կամ վիրավորվում և այլն:Առաջարկվում է նաև, որ եթե տունը քանդվել է, պետությունը ամբողջությամբ վերականգնում է վնասը: Աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար, փոխհատուցում մթերատու կենդանու կորստի դեպքում, գյուղ տեխնիկա:
Օրենքը դեռ ուժի մեջ չէ, բայց կառավարությունն արդեն վերացնում է հուլիսյան հրետակոծության հետքերը: Սահմանապահ Այգեպարում կարմիր կտուրները փայլփլում են, շինարարությունը ավարտական փուլին է մոտենում: