ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր պատգամավոր Արկադի Խաչատրյանը ներկայացրել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Խաչատրյանը նշել է, որ հաշտարարի ինստիտուտը սպառողների և հաճախորդների իրավունքները և շահերը պաշտպանելուն ուղղված, անվճար քննություն իրականացնելու համակարգ է, որը կարևոր դեր ունի հանրային վստահության մեծացման առումով:
Հաշտարարի գրասենյակը ստեղծվել է դեռ 2008-ին, և այդ տարիների ընթացքում գործնականում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծում գտնեն այս նախագծով: «Նախագծով ընդլայնվում է հաճախորդների շրջանակը: Գործող օրենքով հաշտարարի գրասենյակ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ իրենց պահանջներով կարող են դիմել ֆիզիկական անձինք, որոնք օգտվում են ֆինանսական ծառայություններից: Առաջարկվում է, որ այսուհետ կկարողանան դիմել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլ նաև անհատ ձեռնարկատերերը, այն իրավաբանական անձինք, որոնք հարկային օրենսգրքի համաձայն հանդիսանում են հարկման հատուկ համակարգից օգտվող»,- նշել է Խաչատրյանը:
Հաճախորդները, նախքան հաշտարարի գրասենյակ դիմելը, պետք է իրենց պահանջներով դիմեն ֆինանսական կազմակերպությանը և միայնմերժում ստանալու դեպքում կարող են այն բողոքարկել հաշտարարին: Նախագծով առաջարկվում է, որ բողոք-պահանջները կազմակերպությունները կարող են ներկայացնել անմիջապես ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջոցով: