Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։
Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում կապերի հետագա զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է 2023 թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։
Արարատ Միրզոյանի և շեյխ Մուհամմադ Ալ Թանիի հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները՝ որպես Ծոցի երկրների և Սև ծովի միջև ենթակառուցվածքների զարգացման լավ հնարավորություն։
Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։
Շարունակելով տարածաշրջանային անվտանգության թեման՝ Արարատ Միրզոյանը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը։