Մայրաքաղաքի փողոցներում զբոսաշրջիկների մեծ թիվը երևանցիներին այլևս չի զարմացնում: Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձություններից հետո դեպի Հայաստան տուրիստների հոսքը այժմ մի փոքր նվազել է, սակայն չի դադարել:
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է առաջին եռամսյակի տվյալները՝ հունվարից-մարտ Հայաստան է այցելել ավելի քան 249 հազար զբոսաշրջիկ, ինչը 188 տոկոսով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածից: Սակայն դեռ զիջում է՝ 2020 (18.9%) և 2019 (31.6%)-ի առաջին եռամսյակների ցուցանիշին:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների հիմնական մասը Ռուսաստանից (108.976) է եղել, հաջորդում է Իրանը (24.158), երրորդը Վրաստանն է (23291): Առաջատարների ցուցակում են նաև Ուկրաինան (4027), Միացյալ Նահանգներն (3917) ու Բելառուսը (2853):
Ոլորտի պատասխանատուները դրական են գնահատում արդյունքները, ընդգծում՝ սխալ է այն կարծիքը, թե զբոսաշրջային հոսքը միայն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով են պայմանավորված:
Անուշ Բաբայան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ) - Մարտ ամսին զբոսաշրջային այցելությունների այց գրեթե ունեցել ենք Իրանից կապված Նովրուզով: Վերջիններս մարտ ամսին նշում են Նովրուզը և ցանկանում են իրենց տոները նշել իրենց երկրից դուրս՝ արտերկրում, այդ թվում նաև Հայաստանում:
Ոլորտի ակտիվությունը զբոսաշրջային ընկերությունները իրենց ներքին վիճակագրությամբ են արձանագրել: Բայց շատերն այդքան էլ ոգևորված չեն, նշում են՝ զբոսաշրջային բաղադրիչը սկսում է աստիճանաբար նվազել:
Լուսինե Ազիզյան (տուրիստական կազմակերպության ներգնա տուր մենեջեր) - Էս պահի դրությամբ աճ նկատվում է, բայց նաև որոշակի չափով այդ աճը պայմանավորված է նաև միգրացիոն գործընթացով և միգրանտները հիմնականում արդեն նախընտրում են վարձել բնակարաններ, օգտվել սուպերմարկետներից, այլ ոչ թե բնակվել հյուրանոցներում և սնվել ռեստորաններում և սննդի այլ կետերում:
Զբոսաշրջության կոմիտեն զուգահեռ աշխատում է, որ տուրիստների ընտրությունը հենց Հայաստանի վրա կանգ առնի, և տարեվերջին ավելի լավ ցուցանիշներ ունենանք:
Անուշ Բաբայան - Եթե որևիցե խոչընդոտ չլինի տարվա ընթացքում, կարող եմ ասել, որ 2021 թվականի զբոսաշրջային այցելություններից աճ կունենանք, իհարկե՝ 870 հազարից ավել կունենանք աճ, քանի որ 2-րդ և 3-րդ եռամսյակում միշտ ունենում ենք ավելի շատ այցելություններ, քան առաջին և 4-րդ եռամսյակում:
Զբոսաշրջության ոլորտի ընկերություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ կհաջողվի գերազանցել առնվազն նախորդ տարվա ցուցանիշը. մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված:
Լուսինե Ազիզյան - Ինչպես գիտենք, հունիսին ՄԱԿ-ի զբոսաշրջային կոմիտեի նիստն է Հայաստանում, և արդեն աշնանը «Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչն է կայանալու Հայաստանում: Դրանով պայմանավորված` մենք հույս ունենք, որ զբոսաշրջիկների որոշակի աճ կունենանք:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ շուրջ 180 հազարը, մեր երկիր են ժամանել օդային ճանապարհով: Մնացածը նախընտրել են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան