Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեում կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն էականորեն ավելացել են: 356 մլրդ 568 մլն դրամից՝ 221 մլրդ 795 մլն-ը ներքին, իսկ 134 մլրդ 773 մլն-ը՝ արտաքին աղբյուրների միջոցներից են, այսինքն՝ վարկերից և դրամաշնորհներից: 2019-ի համեմատ այս ծախսերն աճել են 84.7, 2020-ի համեմատ՝ ավելի քան 56, իսկ 2021-ի համեմատ՝ 65.1 տոկոսով:
Եղիշե Սողոմոնյան (տնտեսագետ) - Կապիտալ ծախսերը այն ներդրումներն են, որը մասնավորը չի իրականացնում, բայց իրականացնում է պետությունը, և որը բիզնեսի համար լրացուցիչ, առանց վճարելու հնարավորություն է ստեղծում ընդլայնման, իրենց բիզնեսը զարգացնելու առումով:
Կապիտալ ծախսերի աճը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հատվածում ՀՆԱ-ի ավելի մեծ աճ գրանցել, քանի որ դրանք հիմնականում ուղղվում են ենթակառուցվածքների զարգացմանը: Բացի այդ, նշում են մասնագետները, կապիտալ ներդրումները տնտեսական աճի գեներացման հիմնական միջոցներից են, որոնք մեծ մասամբ ուղղվում են ճանապարհաշինությանը, ջրամբարաշինությանը, դպրոցների կառուցման և նորոգման աշխատանքներին, նաև՝ ուժային կառույցների հետ կապված կապիտալ ծախսերի իրականացմանը:
Ռուզաննա Գաբրիելյան (ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետի պաշտոնակատար) - 356 մլրդ դրամից ճանապարհային տնտեսության ոլորտին կուղղվի 100 մլրդ դրամի ծախս: Հաջորդ մեծ ուղղությունը ջրային տնտեսությունն է, այստեղ ևս ունենք և՛ ներքին, և՛ արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի գծով աճ՝ ընդհանուր առմամբ 35.9 մլրդ դրամ: Կրթության ոլորտում ևս խոշոր մեծածավալ ներդրումներ են նախատեսվում՝ շուրջ 30 մլրդ դրամի չափով:
Կապիտալ ծախսերը բյուջեում ներառված հավելյալ արժեք ստեղծող գործիք կարելի է համարել՝ ասում է Սողոմոնյանը, նկատում՝ եթե հաջողվի ավելացնել դրա տեսակարար կշիռը, հնարավորություն կստեղծվի և՛ տնտեսությունը զարգացնել, և՛ բարեկեցության մակարդակը բարձրացնել:
Եղիշե Սողոմոնյան - Կարծում եմ՝ էս քաղաքականությունը, որ որդեգրել ա կառավարությունը, ու որը նաև բխում է իր 5 տարվա ծրագրից, ճիշտ քաղաքականություն է:
2022 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են 2 տրլն 189 մլրդ 228 մլն դրամ, նախագիծն այս պահին Ազգային ժողովում է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան