Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով քննությունը։ Ամբաստանյալներից Արմեն Գևորգյանը չէր ներկայացել դատական նիստին: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։
Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ը:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գևորգյանի բացակայությանը՝ նշեց. «Եթե կոնկրետ դեպքում աշխատանքով պայմանավորված հատուկ անհնարինություն կլինի, սա վերաբերում է յուրաքանչյուր ամբաստանյալի, այդ հարցը կարելի է քննարկել, բայց ինքնին աշխատանքային ծանրաբեռնվածությունը պատճառ չի կարող լինել»:
Նա անդրադարձավ նաև Արմեն Գևորգյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո պատգամավորական անձեռնմխելիությանը: «Արմեն Գևորգյանի դեպքում արդեն հարուցված է քրեական հետապնդում, որն անվերադարձ գործողություն է, այսինքն՝ չես կարող այն երկրորդ անգամ կատարել: Արմեն Գևորգյանը ներգրավված է որպես մեղադրյալ, և դա օրենքով քրեական հետապնդում հարուցելու ձևն է: Իսկ Սահմանադրությունը երաշխիք է նախատեսում քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալուն»,- ասաց Բաղդասարյանը: